Բելգիայում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության հարցեր
International newsՆոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների' ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը' հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ: