Ռուբեն Բաբայանը թատրոնի հիմնական խնդիրները կապում է օրենսդրական դաշտի բացակայության հետ
CultureՀովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ոլորտում առկա բացերի պատճառ է համարում այդ բնագավառում օրենսդրական դաշտի բացակայությունը: Այս և թատրոնի հետ կապված այլ հարցերի շուրջ նա խոսեց հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը այցելել է մեր թատրոն: Նրա հետ խոսել եմ ոչ թե մեր, այլ առհասարակ թատրոնի մասին: Կարծում եմ` թատրոնի ամենամեծ խնդիրները օրենսդրական դաշտում են»,- նշեց նա:
Բաբայանի խոսքով, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իրեն կարդարացնի, եթե փորձի վերացնել խորհրդային մտածողությունը թատրոնում, քանի որ իրականում այն պահպանվել է Հայաստանի ողջ թատերական համակարգում:
«Այդ համակարգը բարեփոխումների չի ենթարկվել: Եթե դրական տեղաշարժ չի լինում, ճահճացում է սկսվում: Սա բոլոր ոլորտներում է` կրթական, մշակութային և այլն: Որևէ մշակույթի նախարար կամ նախարարություն չեն կարող արվեստի գործ ստեղծել, չեն կարող արվեստագետ ծնել: Պետությունը մշակույթի հետ կարող է երեք տեսակի քաղաքականություն վարել` խանգարել, չխանգարել և օժանդակել: Ես շատ եմ ուրախանում, երբ չեն խանգարում»,-խոստովանեց գեղարվեստական ղեկավարը:
Ըստ Բաբայանի` պետությունը նաև պետք է օժանդակի թատրոնին, հասկանա, որ իր գործառույթը արվեստի գործ ստեղծելը չէ, այլ տաղանդներին գտնելն ու նրանց համար նպաստավոր պայմանների ապահովումը: «Դժվար է դա անել մի մարդու ճաշակով: Պետք է օրենսդրական հիմնավորում լինի: Պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կմշակի օրենքները»,-եզրափակեց Բաբայանը: