Չնայած Ծառուկյանի անվան շուրջ հյուսված «լուրերը» սուտ էին, բայց դա չխանգարեց այն տիրաժավորել
AnalysisՏարածված տեղեկությունը, թե երեկ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի միջև կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում, առանց պարզելու, թե իրականում եղե՞լ է նման դեպք, թե ոչ:
Հանուն անկեղծության, փաստենք, որ նման դեպքերում լուրը տիրաժավորելուց առաջ հարկավոր է ճշտել տեղեկության իսկությունը, իսկ այս դեպքում գուցե սենսացիոն տեղկությունն առաջինը տարածելու մարմաջից դրդված, շատերն անգամ չփորձեցին հասկանալ, թե առհասարակ ինչ մասին է խոսքը:
Իրականում, կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ տեղկությունը հասկանալի պատճառներով ավելի շուտ «օգտագործվեց» Ծառուկյանի շուրջ հերթական աղմկահարույց իրադարձությունը հյուսելու և տարածելու համար, որը հետագայում պարզվեց, որ ոչ միայն որևէ աղերս չուներ իրականության հետ, այլև, փաստորեն, դարձավ ավելորդ շահարկումների պատճառ, որին գուցե երկար էին սպասել Ծառուկյանի ընդդիմախոսները:
Եվ չնայած, որ Հարությունովի կինը տեղեկացրեց լրատվամիջոցներին, որ Գագիկ Ծառուկյանը և իր ամուսինը բավականին լավ հարաբերությունների մեջ են և չէր կարող նման միջադեպ լինել: Ավելին, Վյաչեսլավը վնասվածքներ է ստացել սայթաքելու և վայր ընկնելու պատճառով, սակայն դա էլ չխանգարեց, որ լրատվամիջոցները և հատկապես հեռուստաընկերությունները շարունակեն առանց դեպքի մանրամասները ճշտելու իրենց նյուզլայնը «զարդարել» նման ստահոդ լուրով:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար Էդուարդ Բաբայանի կալանավորմանը, ապա լրատվամիջոցները այդ լուրը տարածելու ժամանակ կրկին վրիպեցին: Շատերն անգամ ձերբակալվելը շփոթել էին կալանավորվելու հետ, բայց, ցավոք, դա էլ առիթ չհանդիսացավ մի պահ հապաղելու և իրականությունը պարզելու համար:
Ինչ վերաբերում է Է.Բաբայանի ձերբակալությանն, ապա «Ծառուկյան» դաշինքի պատգամավոները եղել են ձերբակալվածների պահման վայրում և ներկայացրել են իրենց բողոքն առ այն, որ Գ. Ծառուկյանի անվտանգության ղեկավարի անազատության մեջ գտնվելու հիմքեր իրականում չկան և նա անհիմն կերպով է պահվում ոստիկանությունում: