Աշոտ Հակոբյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ առաջիկայում Արցախի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր հուշագրի ստորագրման մանրամասներ։
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Աշոտ Հակոբյանին ներկայացրեց համատեղ գործունեությամբ իրականացված մի շարք ծրագրեր՝ նշելով, որ տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության ոլորտներում մշտապես աշխատել են սերտ համագործակցությամբ:
Անդրադառնալով նոր հուշագրի ստորագրման և առաջիկա համագործակցության առաջնահերթություններին՝ կարծիքներ փոխանակվեցին ուղևորափոխադրումների, տաքսի ծառայությունների, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում գործակցության խորացման անհրաժեշտության շուրջ։ Կողմերը բավարար գնահատեցին նախկին հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնեցին, որ առաջիկա գործակցությունը կլինի առավել ընդգրկուն և արդյունավետ։