ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատում օրինական և արդար ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի կամքը
SocietyԱմերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին օրինական և արդար ընտրություններ անցկացնելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա նշել է, որ հայ ժողովրդի և Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են, որը ՀՀ վարչապետի հայտարարած առաջնահերթությունն է:
«Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարևոր իրադարձություն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին»,-ասել է Միլսը:
ԱՄՆ դեսպանը նշել է՝ տեղյակ է, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները ևս ցանկանում են օժանդակել Հայաստանին թե նոր ընտրական գործընթացին աջակցության, թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով: «Մենք հրապարակային ասել ենք, որ այն ամրապնդելու կարիք ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա՝ որպես հաջորդ կարևոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած»,-հավելել է Ռիչարդ Միլսը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության քայլերին՝ դիվանագետը նշել է, որ առաջին հերթին, այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքանով է ճիշտ կառավարությունը կարգավորում խնդիրները:
«Իմ կողմից կասեմ, որ կառավարության ուղերձը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարևոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը հաղթահարվի համակարգային ձևով: Դա իրոք շատ կարևոր է»,-ասել է նա:
Միլսը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության և մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում են կոռուպցիայի դեմ պայքարում ավելի մեծ աջակցություն տրամադրելու հարցը, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Հարցն ակտիվորեն քննարկում են նաև կառավարության հետ: