Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել նավթահորերի մոտակայքում հավաքված ցուցարարների վրա
International newsԻրաքի ոստիկանությունը կրակ է բացել կիրակի երկրի հարավում գտնվող Բասրա քաղաքում՝ նավթահորերի մոտակայքում գործազրկության, էլեկտրականության, ջրի և այլ կենցաղային տարրական պայմանների բացակայության դեմ բողոքող տասնյակ ցուցարարներին ցրելու համար:
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը և տեղացի պաշտոնյաների:
Ոստիկանության աղբյուրների հաղորդմամբ՝ ութ ցուցարար է վիրավորվել: Տեղի քաղաքապետերից մեկի խոսքերով՝ ցուցարարներից մեկը սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել:
Ոստիկանության և նավթի հարցերով պաշտոնյաները հայտարարել են, որ կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը չի ազդել մոտակայքում գտնվող նավթահորերի անվտանգության և աշխատանքի վրա:
Գործակալությունը նշում է, որ Բասրայում կայունությունը առանցքային նշանակություն ունի որպես կառավարության եկամուտների ավելի քան 95 տոկոսն ապահովող նավթի արտահանման հանգույց: