Դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանը նշանավորվեց ջազային փառատոնով
Culture«Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 8-ին Գորիսի Գ. Տաթևացու անվան հրապարակում ԱՊՀ երկրների էստրադային-ջազային երաժշտության փառատոն անցկացվեց: Այն նվիրվեց հանրահայտ խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Օրբելյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագրի մեկնարկից առաջ խոսքով հանդես եկավ Գորիսի քույր քաղաք Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը: Նա նշեց, որ Գորիսի մշակույթն ու պատմությունը յուրահատուկ են: «Քաղաքի մշակութային կյանքը երբեք անկում չի ապրել, անգամ ամենասարսափելի ժամանակներում: Գորիսի մշակութային մայրաքաղաք լինելը միջազգային շնչառություն է տալիս դրան: Պետք է փաստեմ, որ Գորիսն արդեն 25 տարի համագործակցում է Վիենի հետ: Մեզ կապում է երկու ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց նա: Սաքունցը հայտնեց, որ իրենք մեծ սիրով են ամիսներ առաջ հյուրընկալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ով նոյեմբերին կրկին կայցելի Վիենի համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու համար:
«Մաղթում եմ, որ Գորիսը շարունակի զարգացում ապրել և վերականգնի այն փառքը, որն ուներ 19-րդ դարում, և, իմացեք, որ Վիենին միշտ ձեր կողքին կլինի»,-շեշտեց նա և սեր խոստովանեց Գորիսին ու քաղաքի բնակիչներին:
Համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և արտասահմանյան հայտնի ջազ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նվագախումբը ղեկավարեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Ելույթ ունեցան մենակատարներ Անահիտ Շահբազյանը, Գևորգ Մարգարյանը, Սոնա Ռուբենյանը և այլք:
Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։