Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնին հանդես կգան շվեյցարական Ալտշետեն փողային նվագախումբն ու իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյը
Culture2017 թվականի հունիսին մեկնարկած Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է համախմբում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեկնարկից ի վեր, փառատոնն արդեն իսկ հասցրել է հյուրընկալել շուրջ 40 երաժիշտների ավելի քան 15 երկրներից:
Հայաստանն աշխարհում այն բացառիկ երկրներից է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների փառատոն, այդ իսկ պատճառով մեծ է հետաքրքրությունը, ինչպես երաժիշտներն են նշում, փառատոնի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ: Հատկանշական է այն փաստը, որ փառատոնը կրում է հենց Ալեքսանդր Հարությունյանի անունը, որի համաշխարհային համբավը խթանում է փառատոնի ճանաչմանը արտերկրում: Փառատոնի նպատակն է աշխարհի տարբեր դպրոցների փորձը մեկտեղել և ստեղծել փորձի փոխանակման մեծ հարթակ: Կարևոր է նաև նշել, որ փառատոնի շնորհիվ աշխարհին առավել ճանաչելի է դառնում հայկական մշակույթը:
Փառատոնը չի սահմանափակվում Երևանյան համերգասրահներով և նպատակ է հետապնդում համերգային ծրագրերում ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը և Արցախը: Դրա վկայությունն էր հունիսի 13-ին Բյուրական արվեստի ակադեմիայում կայացած համերգը: Ծրագրվում են նաեւ համերգներ արտերկրում: Փառատոնի առանձնահատկություններից են նաև համերգների ընթացքում հնչող համաշխարհային պրեմիերաները, որով ծնունդ են առնում աշխարհահռչակ երաժիշտների անհայտ գործերը:
Այս տարի կայացած փառատոնի երկրորդ եթերաշրջանի շրջանակներում հուլիսի 15-ին տեղի կունենա ևս մեկ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում: Շվեյցարական Ալտշետեն փողային նվագախմբի և աշխարհահռչակ իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյի կատարմամբ կհնչեն Ալ. Հարությունյանի Շեփորի կոնցերտը, Օ. Վաեսպիի Դիվերտիմենտոն, Ա. Շոուի Կլարնետի կոնցերտը և այլն:
Համերգի նախօրեին նվագախմբի 70 երաժիշտների նվագակցությամբ կանցկացվի քայլերթ դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ, որի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից ժամը 18:15-ին: