Գավառի արվեստի դպրոցի սաները դարձել են միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողներ
SocietyԳավառ քաղաքի Կոլոտ Հայրապետի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել Երեւանում կայացած «Կովկասի առաջնություն» մրցույթ - փառատոնում, որին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Լիբանանի, Իսրայելի, Լատվիայի, Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են եղել նաեւ Գավառի Կոլոտ Հայրապետի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի սաները: Նրանցից Մարիաննա Բրսիկյանը «Փոփ» անվանակարգում արժանացել է առաջին, իսկ «Ջազ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակի: Հովհաննես Հովհաննիսյանը «Ֆոլկ» անվանակարգում արժանացել է առաջին, Հայկ Յազերյանը՝ «Փոփ» անվանակարգում առաջին մրցանակի: Երրորդ կարգի մրցանակ են շահել Լիլիա Հովհաննիսյանը՝ «Ֆոլկ» անվանակարգում եւ Աստղիկ Ներսիսյանը՝ «Փոփ» անվանակարգում: Մրցույթին ողջույնի կատարմամբ հանդես է եկել նաեւ նույն դպրոցի աշակերտուհի Սաթենիկ Սահակյանը, ով նախորդ տարվա նույն փառատոնում արժանացել էր «Գրան պրի» մրցանակի: Ժյուրիի կազմում ընդգրկված է եղել նաեւ նույն դպրոցի վոկալի ուսուցչուհի Լիա Տոնոյանը:
Խոսրով Խլղաթյան