McDonald's-ը ԱՄՆ-ի 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը զանգվածային թունավորումների պատճառով
International newsMcDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը ԱՄՆ-ի 14 նահանգներում գտնվող իր մոտ 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը զանգվածային թունավորումների դեպքերից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով The Wall Street Journal պարբերականը։
Ավելի վաղ Իլինոյս ու Այովա նահանգների իշխանությունները հայտնել էին, որ հետաքննում են ցիկլոսպորոզով տեղի բնակիչների վարակման դեպքերը։ Դրանց մի մասը, ենթադրաբար, տեղի է ունեցել McDonald's ռեստորաններ այցելելուց հետո։ Իլինոյսում մայիսի կեսերից առայսօր հիվանդացել է 90 մարդ, իսկ Այովայում ՝ հունիսի վերջից մինչև հիմա՝ 15 մարդ։ Նախնական հետաքննությունը բացահայտել է հիվանդության առաջացման ու McDonald's ռեստորաններում աղցան ուտելու միջև կապը։
McDonald's-ից հայտնել են, որ «կանխարգելիչ նպատակներով» որոշել են աղցանները հանել ԱՄՆ 14 նահանգների մոտ 3 հազար ռեստորանների ճաշացանկից։ Խոսքն այն հաստատությունների մասին է, որոնք համագործակցում են այդ նույն մատակարար ֆիրմայի հետ, որն աղցաններ է առաքում Այովայի ու Իլինոյսի ցանցային ռեստորաններին։ Այդ ֆիրմայի անվանումը McDonald's-ը չի նշել։ McDonald's-ից հայտնել են, որ համագործակցում են իշխանությունների հետ, հետաքննում են թունավորման դեպքերը ու մտադիր են մոտ ժամանակներս փոխել աղցանների մատակարարին։