Հանրահայտ կինոգործիչները դառնում են «Ոսկե ծիրան»-ի դեսպաններ ամբողջ աշխարհում
Culture«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 15 տարվա կարևորագույն ձեռքբերումն այն է, որ հանրահայտ ռեժիսորները պարբերաբար վերադառնում են «Ոսկե ծիրան» և դառնում կինոփառատոնի դեսպաններն ամբողջ աշխարհում: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Իրանցի հայտնի ռեժիսոր, խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ասղար Ֆարհադին ասաց, որ խաղարկային մրցույթում ընդգրկված 12 կինոնկարները բավականին բազմազան էին ու հետաքրքիր: Անդրադառնալով հաղթած «Հրաբուխ» և «Ֆորտունա» ժապավեններին` նա խոստովանեց, որ երկար քննարկումների արդյունքում են ընտրվել դրանք: «Հրաբուխ»-ը յուրահատուկ կինոլեզու ունի և այն լի է կախարդական ռեալիզմով: «Ֆորտունա»-ի բեմադրությունն էր շատ ստացված, հրաշալի դերասանական խաղ կար, և ռեժիսորը կարողացել էր ստանալ ցանկալի սառը մթնոլորտը»,-ընդգծեց Ֆարհադին:
Խոսելով «Ոսկե ծիրան» փառատոնից ստացած տպավորություններից` ռեժիսորը նշեց, որ իրեն շատ է դուր եկել այն հանգամանքը, որ այն զերծ է ձևականություններից և պաշտոնականություններից: «Շեշտը դրվել է արվեստասերների և կինոգործիչների շփման վրա: Հրաշալի դրական մթնոլորտ կար»,-անկեղծորեն նշեց նա:
Վավերագրական մրցույթի ժյուրիի անդամ Ալեքսեյ Վախրուշևը փաստեց, որ ժյուրիի անդամները միանգամից չէ, որ եկել են եզրակացության, սակայն հաղթել է համերաշխությունը: «Ընտրված կինոնկարները ստեղծել են երիտասարդ հեղինակները մեծահասակ մարդկանց մասին: Այդ ժապավեններում անհավատալի սեր կա, բացակայում է հեռավորությունը ռեժիսորի և դերակատարիների միջև»,-ասաց Վախրուշևը և հավելեց, որ սիրում է Հայաստանը, Երևանը հայ ժողովրդին ու հույս հայտնեց, որ դեռ կգա:
Վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ Թամարա Ստեփանյանն ասաց, որ կինոնկարները շատ հետաքրքիր են, նոր մոտեցումներ են առաջարկում: «Դժվար էր 13 լավ ֆիլմից ընտրություն կատարել: Շատ լավն էին վեցը: Նախատեսված էր ընտրել երկուսը, բայց, քանի որ ֆիլմերը չափազանց լավն էին, հաղթող ճանաչվեցին երեքը: Այդ կինոժապավեններում բարձրացվում է հերոսների արժանապատվությունը, ֆիլմերի միջոցով գնահատում ենք, սիրում տարեցներին»,-եզրափակեց նա: