Իսրայելը Սիրիայից տարհանել է «Սպիտակ սաղավարտների» ակտիվիստներին
International newsԻսրայելը Սիրիայից տարհանել է «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության անդամներին՝ իրենց ընտանիքներով հանդերձ: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի քարտուղար Էմանուել Նահշոնը, փոխանցում է «Վեդոմոստին»:
«ԱՄՆ-ի, Կանադայի եւ եվրոպական երկրների խնդրանքով Իսրայելն ավարտել է «Սպիտակ սաղավարտներ» սիրիական քաղաքացիական կազմակերպության անդամների եւ նրանց ընտանիքների փրկության հումանիտար գործողությունը, Twitter-ում հայտնել է Նահշոնը:
Մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե «Սպիտակ սաղավարտների» ակտիվիստներին ուր են կոնկրետ տարել եւ քանի մարդ է տարհանվել: Զինվորականներին վկայակոչելով՝ Reuters-ը հայտնել է, որ կազմակերպության 800 անդամները եւ նրանց ազգականները տեղափոխվել են հարեւան Հորդանան:
Շաբաթ Կանադայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում իր աջակցությունն էր հայտնել «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությանը եւ միջազգային հանրությանը կոչ էր արել օգնել նրա ակտիվիստներին: Կանադան նաեւ հայտարարել էր Սիրիայում ռազմական հակամարտության հետեւանքով տուժած մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: