Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալն աճել է 67.8 տոկոսով
EconomicsԸնթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ։ Այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
«Հանրապետությունից արտահանվել է շուրջ 50 258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21 784 տոննայով կամ շուրջ 76.5%-ով»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նաև հաղորդում է, որ հուլիսի 27-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68%-ով:
«2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով, մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով»,- նշված է հաղորդագրությունում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ` հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 104 318 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ: