ԿԱՀ–ում ռուսաստանցի լրագրողներին սպանածները պետք է դաժանորեն պատժվեն․ Կադիրով
International newsՌուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մահացած ռուսաստանցի երեք լրագրողներին սպանողներին պետք է պատժել «պատերազմական շրջանի օրենքներով», այսինքն՝ դաժան կերպով, գրում է РИА Новости գործակալությունը։
«Նրանք պետք է պատժվեն, և ավելի լավ կլինի՝ պատերազմական ժամանակի օրենքներով՝ դաժանորեն։ Եվ ցանկալի է մինչ այն պահը, երբ նրանց ձեռքերի վրա կչորանա Ջեմալի, Ռադչենկոյի ու Ռաստորգուևի արյունը», - ասել է Կադիրովը։
Նա նաև հույս է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ն ու իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ մեղավորներին պատժելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում երկրի տարածքում։ Թիմի կազմում են եղել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռոստորգուևը։