Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները ենթադրու՞մ են նրա կողմից հաջորդիվ քայլեր
SocietyՄարի Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց քաղաքապետի թեկնածուներին: Իհարկե քաղաքապետի թեկնածուների ընտրությունը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից: Դա բնական երևույթ է, քանզի այս դեպքում, բացի մարդու պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելը, մենք առաջնորդվում ենք նաև մեր անձնական վերաբերմունքով տվյալ անձի նկատմամբ:
Երեկ այդպիսի մի դեպք եղավ նաև ԲՀԿ-ի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյանի շուրջ: Թեև նա ընտրվեց միաձայն ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, սակայն երեկ երեկոյան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը, ով ի դեպ չէր մասնակցել քաղ: խորհրդի նիստին իր ֆեյսբուքյան գրառուման մեջ նշել էր, որ չի ընդունում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Այս հանգամանքը թերևս բարձրաձայնում է կուսակցության ներսում առկա առողջ մթնոլորտի մասին, երբ յուրաքանչյուրը անկախ կոլեգիալ որոշումից կարող է իր անհամաձայնության մասին հայտնել:
Այստեղ առավել կարևորն այն է, որ այդ որոշումը եղել է ներկուսակցական կուռ համաձայնության արդյունքում, եղել է թափանցիկ և հրապարակային,տարածվել է տեսանյութը և եղելիությունը բոլորին պարզ է:
Բայց դե մեզ մոտ նաև կարծես սովորական է դարձել, որ ամեն ինչին պարտադիր այլ երանգներ են հաղորդում: Իսկ այդ «սուրբ» գործը առաջին հերթին իրենց ուսերին են վերցրել մեր որոշ զլմ-ները, որոնք իրենց իրական պարտականությունները թողած սպասում են իրենց կարծիքով ինչ -որ հարմար առիթի, որ անհեթեթ վերլուծություններով ապակողմնորոշեն ընթերցողին:
Երկրորդ դարձյալ կարևոր հանգամանքն այն է, որ անգամ այս ամեն ֆոնին կարծես թե անհասկանալի է Գևորգ Պետրոսյանի հետագա գործունեությունը այն թիմում, որի միաձայն որոշմանը դեմ է պագամավորը:Ինչևէ սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:
Իսկ մինչ այդ շտապենք հիասթափեցնել առիթից օգտվողներին քանզի ԲՀԿ-ն ընտրությունների է գնում միասնական և ամուր թիմով՝ ի հեճուկս այդ շրջանակների և նրանց սպասարկող զլմ-ների: