Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ. ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել
SocietyՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից: ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է կազմակերպչական բնույթի հիմնախնդիրներին, աշխատանքային ու կատարողական կարգապահությանը։
Ընդգծելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անզիջում պայքարի հրամայականը՝ Հայկ Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է քննիչների բարեխիղճ, սրտացավ և պատասխանատու վերաբերմունքն իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ։
«Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ, և շատ կարևոր է յուրաքանչյուր քննիչի ջանասիրությունն իր վարույթում քննվող քրեական գործերի նկատմամբ, վարքագիծն ու կեցվածքը՝ ընդհանրապես»,- ասել է ՔԿ նախագահը և կարևորել յուրաքանչյուր գործով քաղաքացիների հետ տարվող աշխատանքները:
Հ.Գրիգորյանը փաստել է, որ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության արդյունավետ կազմակերպման համար և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման, աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։

