Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 27-րդ առաջնությունը
Sport
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին: Առաջնությանը մասնակցում են 9 թիմեր՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Շիրակ», «Արարատ», «Արցախ», «Արարատ-Արմենիա» եւ «Լոռի» թիմերը: «Արցախը», «Արարատ-Արմենիան» ու «Լոռին» նորամուտը կնշեն Բարձրագույն խմբում:
Մեկնարկային տուրի առաջին խաղային օրը կկայանան «Բանանց» - «Շիրակ» եւ «Լոռի» - «Արարատ-Արմենիա» հանդիպումները: Օգոստոսի 5-ին տուրը կեզրափակվի «Արարատ» - «Ալաշկերտ» խաղով: «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 7-ին երեւանյան ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության առաջին խաղ է անցկացնելու Թել Ավիվիի «Մաքաբիի» հետ: Առաջին տուրը բաց է թողնում «Արցախը»:
Ակումբները նաեւ հաստատել են, թե որտեղ են անցկացնելու տնային հանդիպումները: «Ալաշկերտը» եւ «Արարատը» կխաղան «Նաիրի» ստադիոնում, «Փյունիկը» ու «Արարատ-Արմենիան»՝ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, «Շիրակը»՝ Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում, «Գանձասար-Կապանն»՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, «Արցախը»՝ նախկին «Միկա» ստադիոնում, «Լոռին»՝ Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայում, իսկ «Բանանցը»՝ իր մարզադպրոցի խաղադաշտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ 3 առաջնություններում չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Ալաշկերտը»:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
Օգոստոսի 4
«Բանանց» - «Շիրակ»՝ ժամը 17:00-ին
«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 17:00
Օգոստոսի 5
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 17:00
«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով