ՀՀ կառավարությունը հաշվարկում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից Հայաստանի տնտեսական վնասները
Հայաստանի կառավարությունը տարեվերջին կհաշվարկի, թե ինչ վնասներ է կրել տնտեսությունը՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Մենք գործ ունենք ընթացող գործընթացի հետ, հետևաբար հաշվարկները միայն տարվերջին է հնարավոր անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա կոչ արեց միմյանց հետ չկապել պատժամիջոցների առկայությունն ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցերը: «Դրանք Եվրասիական տնտեսական միության վնասները չեն, այլ խնդիրներ են: Պատժամիջոցները չեն կիրառվել նրա համար, որ ստեղծվել է միություն, դա այլ խնդիր է»,- ասաց նա՝ հավելելով, որ ուսումնասիրել է վիճակագրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանում որոշ ճյուղերում անգամ թեթև աճ է արձանագրվում. երեկ արդեն ռուսական ռուբլու կայունացում կար:
Անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալների նվազման հարցին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ գյուղմթերքի արտահանման խնդիր չի եղել, աշխատանքները արդյունավետ են կազմակերպվել, հայկական գյուղմթերքն էլ բարեհաջող իրացվել է այնտեղ: «Ընդհանուր առմամբ, ազդեցությունն ավելի շատ եղել է այլ ապրանքների գծով՝ հիմնականում արտադրատեխնիկական ապրանքների ուղղությամբ: Եթե երկրում գների բարձրացում կամ անկայունություն է լինում, ապա ներմուծողները ձեռնպահ են մնում ներմուծումներ կատարելուց՝ մինչև գների կայունացում, որովհետև իրենք էլ շուկայում կողմնորոշվելու խնդիր ունեն»,- ընդգծեց նախարարը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կկայունանա, և հայ արտահանողները կկարողանան նորմալ աշխատել:
Դիտարկմանը, որ պատժամիջոցները շարունակվում են, իսկ դա վատ է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք, որովհետև նույն պատժամիջոցներ կիրառողների համար էլ այդքան հեշտ չէ: Եթե նկատել եք, որոշակի դժգոհություններ կան նաև իրենց ավամդական շուկաներում աշխատողներից: Համենայնդեպս, հուսով ենք, որ կգան ինչ-որ ընդհանուր հայտարարի»: