Մադուրոյի դեմ մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է «Ֆլանելե զինվորներ» խմբավորումը
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) ընդհատակյա խմբավորումը, շաբաթ խմբավորումն այս մասին հայտարարություն է հրապարակել «Թվիթերի» իր միկրոբլոգում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Գործողության նպատակն էր նախագահական պալատ հասցնել C4 պայթուցիկով երկու դրոն: Անօդաչուներն իրենց նպատակի չեն հասել, քանի որ խոցվել են դիպուկահարների կողմից,- նշված է հաղորդագրության մեջ: - Մենք ցույց տվեցինք, որ նրանք խոցելի են, այս անգամ մեր նպատակին չհասանք, սակայն դա ընդամենը ժամանակի հարց է»:
Արդեն սկսվել է Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձի գործի քննությունը, այն պետք է վարեն 3 դատախազ, հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Տարեկ Սաաբը: Ավելի վաղ ինքը Մադուրոն հայտարարել էր, որ ձերբակալվել են մի քանի մարդիկ, որոնց նա անվանել է մահափորձի կազմակերպիչներ:
«Ֆլանելե զինվորները» ներկայանում է որպես ազգային-ազատագրական շարժում: 2018 թվականի հունվարին El Nacional պարբերականը նրանց անվանել էր ոստիկանության սպա Օսկար Պերեսի հետեւորդներ, որը 2017 թվականին ուղղաթիռ էր առեւանգել եւ հարձակվել Վենեսուելայի ՆԳՆ ու Գերագույն դատարանի շենքերի վրա:
2018 թվականի հունվարին Պերեսը սպանվել էր ոստիկանության եւ ազգային գվարդիայի համատեղ գործողության ժամանակ: Մահից առաջ նա համացանցում տեսաուղերձ էր տեղադրել, որում պնդում էր, որ փորձել է հանձնվել, սակայն գրոհը չի ընդհատվել: Արդյունքում նա եւ նրա շատ կողմնակիցներ գնդակահարվել էին: