Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձը նախապատրաստվել էր կես տարի
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձը նախապատրաստվել էր կես տարի, հայտարարել է կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան հավելել է, որ մահափորձի իրագործողներից մի քանիսը, որոնց բռնել են դեպքի վայրում, պատմել են մահափորձի մանրամասները:
Հայտնի է, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն:
Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը: Նրանք այս մասին գրել են իրենց թվիթերյան միկրոբլոկում:
Խմբավորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրված С4 պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի հաջողվել հասնել նախագահական լոջայի մոտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք:
«Մենք ցույց տվեցինք, որ կառավարությունը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշվել է խմբավորման էջում:
Մադուրոն կատարվածի համար մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին, սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապել է հերքել մեղադրանքը: