ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության
International newsԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կանչել է հարցաքննության: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է WikiLeaks-ի թվիթերյան էջը:
«ԱՄՆ Սենատի կոմիտեն Ջուլիան Ասանժին հրավիրել է հարցաքննության: Ծանուցման նամակը ուղարկվել է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ WikiLeaks- ի իրավաբանների թիմը ուսումնասիրում է ծանուցման բովանդակությունը:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ասանժին հարցաքննության են հրավիրել 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության հնարավոր միջամտության հետ կապված:
ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջեւ ենթադրյալ կապերի հետաքննությունը վարում է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության վերաբերյալ մեղադրանքները բացարձակապես անհիմն է համարել: