Գերմանիայում թույլատրել են նացիստական խորհրդանիշերով համակարգչային եւ տեսախաղեր վաճառել
International newsԳերմանիայում թույլատրել են վաճառել համակարգչային եւ տեսախաղերը, որոնցում կան նացիստական խորհրդանիշեր, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով CNN-ին:
Գերմանիայում ժամանցային ծրագրերի կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունը (USK) հաղորդել է, որ համակարգչային խաղերը, որոնցում կան արգելված խորհրդանիշեր, այժմ կարող են տարիքային վարկանիշ ստանալ, եթե խորհրդանիշերի օգտագործումը ճանաչվի «սոցիալապես համարժեք»: Սա նշանակում է, որ այդպիսի խորհրդանիշերի պատկերումը ծառայում է գեղարվեստական կամ գիտական նպատակների կամ նախատեսված է պատմության կոնկրետ իրադարձությունների վերարտադրման համար:
Գերմանիայի քրեական օրենսգիրքը արգելում է նացիստական ռեժիմի խորհրդանիշերի հրապարակային պատկերումը՝ սվաստիկայի, կելտական խաչերի, նացիստական ողջույնների: Պատիժը կարող է լինել ինչպես տուգանք, այնպես էլ ազատազրկում: Արգելքը չի տարածվում ֆիլմերի վրա, որոնք համարվում են արվեստի գործեր: