Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)
TVForrights.am-ը գրում է.
Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկական բանակում, քան օտար երկրում ապրել առանց անձնագրի, առանց փաստաթղթի ու կարգավիճակի, վախենալով դուրս գալ փողոց: « Մտածեցի, ոչինչ, էդ երկու տարին կգնա, կծառայի,կյանքը կկարգավորի, հետ կգա»:
Հավատ, հավատ մինչև վերջ
Հետագայում էլ լավատեսությունը չլքեց Արմինեին, երբ Հովսեփին հապճեպ, երկու օրում տարան Արցախ, « Եղնիկներ» կոչվող զորամաս, թեև որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: 6 ամիս առաջ, երբ Հովսեփին զորակոչում էին, այդ արտոնությունը դեռ հանված չէր:
Արմինե Ավետիսյանը հավատում էր նաև, որ իր որդին ընտելացել է բանակային առօրյային, իրեն լավ է զգում: «Ծառայություն է, դժվարություններ կային, բայց ամենադժվար պահը՝ 6 ամիսը, նա անցել էր», - ասում է մայրը: Վերջին անգամ դիրքեր գնալուց որդին նրան ասել էր. «Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, եթե «դեբիլ» չլինես, վտանգավոր չի»:
Հիմա էլ, երբ որդին այլևս չկա, Արմինեն կրկին հավատում է: Այս անգամ նրա վստահության օբյեկտը զինդատախազությունն է: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» - ասում է Արմինե Ավետիսյանը:
Զինդատախազը կանչել է զոհվածի մորը հանդիպման
Զինդատախազ Վահե Հարությունյանը Հովսեփի մահից հետո իր մոտ է հրավիրել Արմինեին, խոսք է տվել, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար: « Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», - համոզված ասում է Արմինե Ավետիսյանը, բայց օրեցօր նրա գլխում կասկածներն ավելանում են: Նախ, որդուն բերել են ճակատից խփված: Դեպքից երկու օր անց քննչական կոմիտեն հաղորդեց, որ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Կրակողի անունը չէր նշվում:
«Բայց ինչպե՞ս կարելի է միամիտ կրակել ճակատի կենտրոնին», - հարց է տալիս մայրը: Զոհվածի հարազատներին կասկածելի է թվում զինկոմիսարիատի տարածած վարկածը՝ թե Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել:
Մարտակերտի քննիչը մեկ օրում բացահայտել է սպանությունը
«Այդ օրը զրուցել են կատակի ձևով, կարող է, ուզել է երեխուն ծնկի բերել, վախացնել», - կրկնում է Արմինե Ավետիսյանը զինկոմիսարիատի տարածած վարկածը:
Այն շարադրված է Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանի գրությունում, որը թվագրված է 28.01.2018. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը...նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»:
Այսինքն, ստացվում է, որ Հովսեփի մահվան հաջորդ օրն արդեն Մարտակերտի քննիչն ամբողջությամբ բացահայտել է դեպքը և ներկայացրել է ծնողին:
Զինծառայողներ Հովսեփ Գրիգորյանը և Աշոտ Չախալյանը դեպքի վայրում միայնակ են եղել: Վարույթ իրականացնող մարմինը առաջին իսկ օրվանից կենտրոնացել է միակ վարկածի վրա, որի հիմքը կրակողի ցուցմունքներն են: Այլ վարկած չի դիտարկվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում