Հնդկաստանում ավելի քան 770 մարդ Է զոհվել անձրեւների սեզոնում
International newsԱռնվազն 774 մարդ Է զոհվել Հնդկաստանի յոթ նահանգներում մուսոնային անձրեւների տարեշրջանի սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի ներքին գործերի նախարարության տվյալները:
Այդ տվյալների համաձայն, տարերքի հարվածներից առավել մեծ չափով տուժել Է Քերալա հարավային նահանգը. այստեղ տարերքի հարվածներից զոհվել Է 187 մարդ: Նրան այս ցուցակում հաջորդում են Ութար-Փրադեշը (171 զոհ), Արեւմտյան Բենգալիան (170 զոհ), ինչպես նաեւ Մահարաշտրան (139 զոհված):
Զոհվածների վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել նաեւ Հուջարաթի (52 մարդ), Ասամի (45 մարդ) եւ Նագալենդի նահանգներից (8 մարդ):
Նշվում Է, որ յոթ նահանգներում միագումար գրեթե 250 մարդ վերքեր Է ստացել առատ տեղումներով պայմանավորված միջադեպերի հետեւանքով: Եվս ավելի քան 30 հոգի անհայտ կորած Է համարվում:
Ներկայում հնդկական բանակը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, առափնյա պահպանությունը եւ Տարերային աղետների հակազդման ազգային ուժերը (NDRF) երկրի տարբեր շրջաններում քաղաքացիներին փրկելու, ինչպես նաեւ մուսոնային տեղատարափների հետեւանքների վերացման համատեղ գործողություններ են անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: