Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Չավուշօղլու
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք շարունակելու են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ վարելով բաց ու թափանցիկ քաղաքականություն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Ըստ Չավուշօղլուի՝ ռուս-թուրքական երկխոսությունն ու փոխգործակցությունը ծառայում է երկու երկրների շահերին ու օգտակար արդյունքներ տալիս երկու կողմերին էլ։
Ավելին՝ Թուրքիայի ԱԳ ղեկավարը շեշտել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում փոխվստահությունն այնքան մեծ է, որ իրենք ազատ կարողանում են քննարկել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։