Հնդկաստանի զինուժերն ուղարկվել են Քերալայի նահանգ՝ օգնելու հեղեղումներից տուժածներին
International newsՀնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել Է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալա հարավային նահանգի բնակիչներին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հնդկաստանի ՌԾՈւ-ի մամուլի ծառայությունը: Քերալայի նահանգի դրությունը, որն անցած շաբաթվա կեսերից հայտնվել Է մուսոնային հզոր տեղատարափների իշխանության ներքո, շարունակում Է վատթարանալ: Տեղական իշխանությունների վերջին տվյալների համաձայն, օգոստոսի 8-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակահատվածում մահացածների թիվն արդեն հասել Է 73-ի:
Քերալայի վարչակազմն առաջիկա 24 ժամվա համար նահանգի ողջ տարածքում հայտարարել Է վտանգի «կարմիր» մակարդակ, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին ու ուխտագնացներին հորդորել Է ժամանակավորապես խուսափել ժողովրդականություն վայելող մի շարք վայրեր այցելությունից: ANI գործակալության տեղեկատվության համաձայն, առնվազն 82 զբոսաշրջիկներ այժմ չեն կարողանում հեռանալ Մունար հանրաճանաչ լեռնային առողջարանից, քանի որ այս քաղաքից ձգվող ճանապարհները կամ ջրով են ողողված, կամ արգելափակված են սողանքների հետեւանքով: Իշխանությունների գնահատումներով՝ այս տարի տարածաշրջանում մոլեգնում Է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում ամենաավերիչ մուսոնը:
Ընդհանուր առմամբ, երկրի ՆԳ նախարարության տվյալներով, սեզոնային անձրեւների սկսվելուց ի վեր Հնդկաստանի տարբեր մասերում զոհվել Է ավելի քան 770 մարդ, որոնց մեծ մասը՝ 200-ից ավելին, բաժին Է ընկնում Քերալային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: