Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել
International newsԹուրքիայի Էլյազըղ նահանգում ձերբակալվել է ազգությամբ քուրդ Գերմանիայի քաղաքացի, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը։
Հայտնի է, որ 1992-ից ի վեր Գերմանիայի Համբուրգ քաղաքում բնակվող Իլհամի Ա․-ն Էլյազըղի Սարըբաշակ գյուղ է այցելել իր մայրիկին տեսակցելու նպատակով։
Նշվում է, որ ձերբակալվածն արդեն կալանավորվել է, նրան մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար։ Ըստ աղբյուրի՝ մեղադրանքը կապված է Իլհամի Ա․-ի՝ իշխանության դեմ կոշտ քննադատությունների ու քրդական շարժման հանդեպ համակրանք դրսևորելու հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի իշխանություններին առաջարկել է օգտվել Թուրքիայում սկսված տնտեսական ճգնաժամից ու ժողովրդավարական բարեփոխումներ պահանջել այդ երկրի իշխանություններից։
Ըստ Օզդեմիրի՝ այժմ, երբ Թուրքիան գտնվում է տնտեսական դժվարին պայմաններում, ճիշտ ժամանակն է օգտագործելու այդ երկրի վրա ունեցած ազդեցությունը՝ ստիպելով Անկարային անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ կատարել՝ առաջին հերթին ազատ արձակելով բոլոր քաղբանտարկյալներին, որոնց թվում կան նաև Գերմանիայի քաղաքացիներ։