«Ալաշկերտ»-ը գերխոշոր հաշվով զիջեց «Կլուժ»-ին
SportԵվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը կրկին ձախողվեց՝ ջախջախիչ հաշվով պարտվելով ռումինական «Կլուժ»-ին: Երևանում կայացած խաղում 0-2 հաշվով մրցակցին զիջելուց հետո «Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ պետք է փորձեր առնվազն երկու գնդակ հեղինակել, հետ բերել կորցրածն ու պայքարել փլեյ օֆի ուղեգրի համար, սակայն իրադարձություններն այդ խաղում բոլորովին այլ ընթացք ստացան: «Կլուժ»-ը հենց հանդիպման մեկնարկից տիրեց նախաձեռնությանը և կարողացավ խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Խաղն ավարտվեց 5-0 հաշվով:
Արդեն առաջին խաղակեսում «Կլուժ»-ը կարողացավ երկու գնդակի առավելություն ստանալ՝ գործնականում փոշիացնելով «Ալաշկերտ»-ի բոլոր հույսերը: Հանդիպման 19-րդ րոպեին մրցավարն «Ալաշկերտ»-ի դարպասին 11 մետրանոց նշանակեց, որը հստակ իրացրեց Էմանուել Կուլիոն:
Իսկ խաղակեսի վերջնամասում Բիլեի Օմրանին երկրորդ գնդակն ուղարկեց երևանյան ակումբի դարպասը:
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ հյուրերի ակնհայտ առավելությամբ: 58-րդ րոպեին Օվիդիու Հոբանը երրորդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը, իսկ 4 րոպե անց Բիլեի Օմրանին դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 4-0:
Հանդիպման վերջնամասում էլ երևանյան ակումբի դարպասը գրավեց Սեբաստիան Մայլաթը: «Կլուժ»-ը ընդհանուր դիմակայությունում 7-0 հաշվով հաղթանակ տոնեց և կշարունակի պայքարը Եվրոպա լիգայի փլեյ օֆ փուլում: