Պատկան մարմինները կարող են ստուգումներ իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչու են գյուղացիները մնացել առանց ոռոգման ջրի. Հովիկ Աբրահամյան
InterviewԱյսօր առավոտյան Արարատի մարզի Այգեստան, Վերին Արտաշատ, Հնաբերդ գյուղերի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Վերջիններս բողոքի ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ իրենց այգիները չորանում են, իսկ հասանելիք ջրի պաշարը ուղղվում է ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյանին պատկանող Վեդիի հողատարածքներին:
Գյուղացիներից մեկը հարցազրույցում նշել էր նաև, որ ջրանջատումների հետ կապ ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով իբր հրահանգել է ՋՕԸ նախագահ Մարտիկ Առաքելյանին սաբոտաժ իրականացնել, որպեսզի քաղաքացիները դուրս գան նոր իշխանություների դեմ:
Թեմայի շուրջ ORER.am-ը պարզաբանում ստացավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, ով հայտնեց, որ ինքը որևէ առնչություն չունի ջրանջատումների հետ, իսկ իր կողմից կազմակերպված սաբոտաժի մասին խոսք անգամ չի կարող գնալ. «Ես որևէ առնչություն չունեմ այդ ամենի հետ, սա հերթական հերյուրանքն է անձիս շուրջ: Պատկան մարմինները կարող են ստուգումներ իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչումն է կայանում խնդիրը ու ինչու են գյուղացիները մնացել առանց ոռոգման ջրի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: