Նիկոլ Փաշինյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կրթության, գիտության և առողջապահության արտահանումը
EconomicsՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսության զարգացման կարևոր նախապայման է համարում կրթության, գիտության և առողջապահության արտահանումը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի բուհերը զանգվածաբար ունեն դիմորդի և ուսանողի խնդիր:
«Ըստ էության, մենք ունենք մի իրավիճակ, որ գրեթե բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր: Բացառություն է միայն մեկ բուհ, և դա Երևանի պետական բժշկական համալսարանն է: Դեռևս Խորհրդային տարիներից բժշկական համալսարանը իր քաղաքականության մեջ եղել է արտերկրից ուսանողներ ներգրավող, և հիմա արտերկրյա բազմաթիվ ուսանողներ են ներգրավված, ինչը հնարավորություն է տալիս, որ բժշկական համալսարանը չունենա ուսանողների և դիմորդների խնդիր, հետևաբար լինի շատ ավելի լավ ֆինանսատնտեսական վիճակում, հետևաբար շատ ավելի լավ ռազմավարական վիճակում լինի:
Ես նկատի ունեմ, որ մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ, որպեսզի մեր բուհակաան համակարգը միտված լինի արտերկրից ուսանողներ ներգրավելուն»,- ասաց վարչապետը:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ աշխարհում կան բազմաթիվ առաջնակարգ բուհեր, տարբեր շերտերի, բայց միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ լինեն հարյուրավոր կամ հազարավոր դիմորդներ, որոնց դա հետաքրքրի: Այսինքն, եթե աշխարհում կա Քեմբրիջ, Հարվարդ, Կոլումբիայի համալսարան և այլն, դա դեռ չի նշանակում, որ աշխարհում այլ համալսարան չկա: «Օրինակ՝ իմ երեխաները սովորել են Տարտուի համալսարանում, որը գտնվում է հետխորհրդային երկրում, որտեղ ուսման վարձերը շատ մատչելի են, նույնիսկ Հայաստանի որոշ բուհերի հետ համեմատելի են: Ես նկատի ունեմ, եթե հայաստանյան բուհերում իրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որ բոլոր բուհերը միտված լինեն արտերկրից ուսանողներ ներգրավելուն և սահմանեն գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որն ընդունելի լինի, միշտ էլ կա սեգմենտ, որին կարելի է ներգրավել»,- մանրամասնեց վարչապետը՝ շեշտելով, որ բուհական համակարգի բարելավումը երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև առողջապահական քաղաքականությանը՝ շեշտելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ քաղաքականությունը իրականացվի այնպես, որ առողջապահական համակարգը գրավիչ լինի արտերկրից պոտենցիալ հաճախորդների, հիվանդների համար, ովքեր կգան Հայաստան առողջապահական որոշակի ծառայություններից օգտվելու:
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ վարչապետը շեշտեց, որ գիտությունն այսօր դարձել է գլոբալ երևույթ: «Մենք այսօր «Ինժեներական քաղաք»-ում ականատես եղանք, թե ինչպես են մեր գիտնականները մասնակցում գլոբալ նախագծերի, օրինակ՝ տիեզերական նախագծերի և այլն: Պարտադիր չէ, որ այդ գիտնականը ֆիզիկապես լինի ինչ-որ մի տիեզերանավի կողքին կամ տիեզերակայանում: Պետք է այնպես ապահովել, որ մեր գիտնականները կարողանան իրենց ծառայությունները մատուցել ու նաև իրենց փորձը փոխանցեն մյուս սերունդներին, որպեսզի ձևավորվի մասնագիտական բազա և ունենանք նաև մեր գիտական ծառայություններն արտահանելու հնարավորություն: Մենք ունենք ուղղակի գիտություն, որն ուղղակի գործնական որևէ գործառույթ չի իրականացնում: Մենք պետք կարողանանք հասնել նրան, որ մեր գիտությունը գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ և գլոբալ առումով, և Հայաստանի համար»,- եզրափակեց վարչապետը: