Ալիկ Սարգսյան. «Ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք». «Հայկական ժամանակ»
InterviewԵրեկ զրուցեցինք ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, նախօրեին ՔԿ-ն հաղորդեց ձեր կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու մասին, մասնավորապես Գեւորգ Գեւորգյանի բիզնեսն այսպես ասած՝ խլելու։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Ես երբեք, ոչ մի ժամանակ, անկախ բոլոր հանգամանքներից, որեւէ մեկից որեւէ բան չեմ խլել, նամանավանդ՝ բիզնես։ Ես մտածում էի՝ զառանցանք է, ներողություն կխնդրի, վաղը եւեթ դատի եմ տալու, լույսը բացվի, դիմելու եմ դատարան, նա մասսայական պետք է ներողություն խնդրի, բարոյական վնասս պետք է վերականգնվի։ Ես պատիվ եմ պահանջելու, որ ամեն մի թափթփուկ չփորձի պատվիս հետ խաղալ, կյանքում նրան ոչ տեսել, ոչ ճանաչում եմ, ոչ էլ հետը բառ եմ փոխանակել, նույնիսկ հեռախոսով, ինչ հերյուրանք ասես գրում է։ Հոգնել եմ արհամարհելուց նույնպես։
– Այդ դեպքում ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը Գեւորգյանին ասել, որ բաժնեմասերի 30 տոկոսը ձերն է, մյուս 30 տոկոսն՝ իրենը։
– Այդպիսի բան չի կարող լինել, չեմ հավատում, Հովիկ Աբրահամյանը նման բան չի կարող նշած լինել, էլի հերթական զառանցանք, ֆանտազիայի արդյունք է դա։ Անմեղ մարդկանց ո՞նց կարելի է ամեն րոպե մեղադրել։
– Պարոն Սարգսյան, դուք անմե՞ղ եք։
– Ինչպես միշտ, մի գրամ որեւէ մեկը չկասկածի, որ ես անմեղ եմ։
– Դեպքը 2008 թվականին է եղել, գուցե այդպես հիշե՞ք։
– Չեք ուզում հասկանալ, որ ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք։ Ինչպե՞ս կարող եմ ես լինել դրա մեջ, ոնց որ ինձ հիմա ասեք 2008-ին չինարեն եք խոսել, ես չինարեն չգիտեմ 2008-ին էլ, 1949-ին էլ, հիմա էլ չգիտեմ, չեմ իմանում, չինարեն չեմ կարողանում խոսել։
– Տարիներ շարունակ ձեր անունը շրջանառվում է ինչ-որ բիզնեսներ խլելու տարբեր պատմություններում, սա ինչպե՞ս հասկանանք։
– Արդեն հարցը ճիշտ չձեւակերպեցիք, նորից եմ ասում՝ ես բիզնեսով չեմ զբաղվել, բայց որ ես սեփականություն ունեմ, ինչ-որ բաժնեմասեր ունեմ, որոշակի բիզնես դրսեւորում ունեցող, դա փաստ է, բայց ես երբեք բիզնեսով չեմ զբաղվել։ Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի սեփականություն ունենալ, որը ես ձեռք եմ բերել իմ աշխատասիրության արդյունքում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում