Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
CultureՀայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսի բացման արարողությունը: Նկարչին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Դժվար է գտնել այնպիսի բառ, որ նկարագրենք Հովհաննես Զարդարյանի ներդրումը հայ արվեստի, մշակույթի և գեղանկարչության մեջ: Եթե ես հիմա մտածեմ` գտնել ճիշտ բառը, չեմ նկարագրի, թե որակական կամ մշակույթի իմաստով ինչ ներդրում է ունեցել, այլ կասեմ, որ այդ ներդրումը հսկայական է:Անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ մեծ վարպետին: Նա իսկապես ակադեմիկոս էր, ոչ միայն նրանով, որ Խորհրդային միության գեղարվեստի ակադեմիայի անդամ էր, այլ նաև իր ոճով, հետազոտական արվեստագետի իր տեսակով իսկապես ժամանակակից արվեստի ակադեմիկոս էր»,- նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նկարչի դուստր Անահիտ Զարդարյանի խոսքով` Հովհաննես Զարդարյանի կերպարը ոչ ամբողջական ցուցահանդեսներով բացահայտելն անհնար է:
«Այստեղ ներկայացված են Զարդարյանի իմպրեսիոնիստական շրջանի ստեղծագործությունները: Նա շատ բազմաշերտ և խորը նկարիչ էր, և առանձին նկարների ցուցահանդեսներով նրան ամբողջովին բացահայտել հնարավոր չէ»,- ընդգծեց Անահիտ Զարդարյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն անուրանալի է համարում Հովհաննես Զարդարյանի ավանդը հայ արվեստի մեջ:
«Իմ սերունդը երախտապարտ է նրան, որովհետև նա բարձունք էր, որին ձգտում էինք հասնել: Հասկանում էինք, որ պետք է սիրել արվեստն այնպես, ինչպես սիրել է Հովհաննես Զարդարյանը: 100-ամյա պատմություն ունեցող այս ստեղծագործողը կմնա ևս բազմաթիվ հարյուրամյակներ»,- նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Սեպտեմբերի 5-ին ամբողջական ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում: