ՀԱԱԳ գործադիր տնօրենն ընդունել է «Swiss Reinsurance Company» շվեյցարական վերաապահովագրական ընկերության պատվիրակությանը
EconomicsՍույն թվականի սեպտեմբերի 4-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը ընդունեց «Swiss Reinsurance Company» LTD շվեյցարական վերաապահովագրական ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին նշյալ ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու, ավագ անդերռայթեր-նախագահի տեղակալ Մագնուս Նիգշեն, ինչպես նաև «Malakut - Trade Credit Insurance» միջազգային ճանաչում ունեցող ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱԱԳ և «Malakut - Trade Credit Insurance» ընկերությունների պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես տեղեկացրին ՀԱԱԳ լրատվական ծառայությունից, hանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործունեության արդյունքները, հեռանկարային զարգացման ուղղությունները, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը փաստեցին, որ վերաապահովագրական ընկերության հետ կնքված վերաապահովագրության պայմանագրի հիման վրա ՀԱԱԳ ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվել են ՀԱԱԳ կողմից ապահովագրական ծառայությունների մատուցման առաջին իսկ օրվանից՝ 2015 թվականի մարտից: Ընդ որում, ՀԱԱԳ գործունեության առաջին տարվա համար վերաապահովագրության պայմանագրի համաձայն Վերաապահովագրողը ստանձնել էր ՀԱԱԳ ապահովագրական ռիսկերի 80 տոկոսը, սակայն համագործակցության խորացման արդյունքում արդեն 2016 թվականից Վերաապահովագրողը համաձայնվել է ստանձնել ՀԱԱԳ ապահովագրական ռիսկերի ավելի մեծ տոկոսը՝ այն հասցնելով 90-ի: