Թուրքիայում քրդամետների կուսակցության նախկին նախագահը դատապարտվեց 4 տարի և 8 ամսվա ազատազրկման
International newsԹուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այսօր թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 4 տարի և 8 ամսվա ազատազրկման, այս մասին հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը։
Դեմիրթաշը մեղավոր է ճանաչվել ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն իրականացնելու համար։ Հայտնի է, որ խոսքը գնում է դեռևս 2013 թվականին Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ Դեմիրթաշի ելույթին, որում նա հնչեցրել է քննադատական խոսքեր երկրի իշխանությունների դեմ ու քրդական շարժմանն աջակցող արտահայտություններ կիրառել։
Նույն գործի շրջանակներում ազատազրկման է դատապարտվել ԺԴԿ կուսակցության պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերը, ով բանտում ստիպված կլինի անցկացնել երեքուկես տարի։
Դատական նիստին ներկա են եղել նաև արտասահմանցի մի շարք դիտորդներ Կանադայից, Շվեցարիայից և Մեծ Բրիտանիայից։
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: