ԱՄՆ-ը հավելյալ զորքեր է ուղարկել Սիրիա
International newsՊենտագոնը ծովային ուժերի ստորաբաժանում է ուղարկել Սիրիայի հարավարևելյան շրջանում կոալիցիայի կողմից վերահսկվող Էթ-Թանֆ առաջնագիծ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, այս որոշումը կայացվել է այդ շրջանում իսլամիստ գրոհայինների դիրքերի ուղղությամբ նախատեսվող ավիահարվածների մասին Ռուսաստանի նախազգուշացման ֆոնին:
Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ռազմաբազա է ուղարկվել ավելի քան 100 ամերիկյան հետևակային: Բացի այդ, Էթ-Թանֆում վերապատրաստում և զորավարժություն է անցկացվում սիրիական չափավոր ընդդիմության հետ:
Ներկա պահին Էթ-Թանֆում, որի շուրջ ամերիկացիները 55 կմ երկարությամբ դեէսկալացիոն գոտի են ստեղծել, շուրջ 600 ամերիկացի, բրիտանացի, նորվեգացի զինծառայող է գտնվում, ինչպես նաև Հորդանանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: