Իրանը ուրանի հարստացման ցենտրիֆուգների նոր արտադրամաս է բացել
International newsԻրանն ազգային ատոմային ծրագրի շրջանակում ուրանի հարստացման ցենտրիֆուգների նոր արտադրամաս է բացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի սեպտեմբերի 10-ի ելույթին:
«Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հրամանով՝ մենք ցենտրիֆուգների արդի և լավ հագեցած նոր արտադրամաս ենք բացել»,- առաջնորդի խոսքերը փոխանցում է «Ֆարս» գործակալությունը: Պաշտոնյան չի նշել, թե որտեղ է այն գտնվում, արտադրության ինչ ծավալներ ու տեխնիկական հագեցվածություն ունի:
Բացի այդ, նրա խոսքով` Իրանի մասնագետները ավարտել են Թեհրանի հետազոտական ռեակտորի արդիականացումը:
«Իրանը եվրոպական երկրներից մեկի հետ ռեակտորի հետագա արդիականացման և հզորացման համաձայնագիր է ստորագրել»,- նշել է Սալեհին՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը:
Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանի ատոմային ծրագրի իրագործումն ընթանում է նախնական ծրագրավորածից առաջանցիկ տեմպերով:
«Երկու օբյեկտների շուրջ աշխատանքները` ռեակտորի և հավաքման արտադրամասի, չեն հակասում Գործողությունների համապարփակ ծրագրի դրույթներին»,- ասել է նա:
Գործողությունների համապարփակ ծրագիրը համաձայնեցվել է Թեհրանի և աշխարհի 6 տերությունների կողմից 2015թ.-ին, և գործարկվել է 2016թ հունվարից: Այն նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցում: Դրա փոխարեն Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը` դնելով այն միջազգային վերահսկողության տակ: Սակայն 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից: