Կգա ժամանակ, երբ որևէ շոու ներկայացում այլևս չի փրկի
AnalysisԵրկու օր է ողջ հայությունը իսկական շոկի մեջ է. գաղտնալսվեցին ԱԱԾ ու ՀՔԾ պետերը: Սա դեռ քիչ էր, հրավիրված ասուլիսին տվյալ փաստը հաստատվեց Ա. Վանեցյանի ու Ս. Խաչատրյանի կողմից:
Մինչ հասարակությունը փորձում էր մարսել տեղի ունեցածը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հրապարակային ձեւով հնչեցրեց անուններ՝ ուղղակի կերպով մեղադրելով նախկին պաշտոնյաներին ոչ միայն թալանի, այլ նաև Մարտի 1-ի բացահայատմանը խոչընդոտելու մեջ. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա: Մարդիկ զգում են.... և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և ուզում են այդ պրոցեսը կասեցնել»:
Վարչապետը աննախադեպ այս իրավիճակից ելնելու համար շատ արագ գտավ մեղավորների՝ այդ իսկ քայլով, կարծես, փորձելով հասարակությանը շեղել այն հանգամանքից, որ ՀՀ-ում արդարադատությունը իրականացվում է ըստ քմահաճույքի կամ, ավելի պարզ ասած, իշխանության հրահանգով:
Հայտնի դարձած ձայնագրությունը լսելիս ավել պակաս ջանքեր հարկավոր չէ գործադրել հասկանալու համար՝ հանցագործության բացահայտման ու վարչապետին հաճոյանալու համար մարդիկ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները, իրականացրել մի գործընթաց, որը չի բխում իրավունքի սկզբունքներից: Թեև համապատասխան կառույցների ղեկավարները ասուլիս հրավիրեցին ու պատասխանեցին լրագրողներ հարցերին, փորձելով փրկել վիճակը, բայց տվյալ պարագայում փաստերն առավել խոսուն էին:
Իհարկե, երկրի ԱԱԾ պետին գաղտնալսելը որևէ կերպ չի կարող արդարացվել կամ գովեստի խոսքի արժանանալ, ու այս պարագայում վարչապետի զայրույթը միգուցե ինչ-որ չափով տեղին է, սակայն արդյո՞ք այդ զայրույթի տակ այլ քաղաքական խոշոր խաղացողների լիկվիդացում չի իրականացվում: Այսպես, Երևանյան փողոցներում պաշտպանելով ՔՊ-ի թեկնածուի շահերը՝ Ն. Փաշինյանը, շեղվելով քարոզարշավի հիմնական ծրագրերից ու դրութներից, հայտարարեց. «Մեզ բավարար չէ, ժողովրդին բավարար չէ միայն լուծել Երևանի քաղաքապետի հարցը: Էս ընտրություններով պետք է լուծել այպես կոչված հակահեղափոխության հարցը վերջնականորեն , որ էդ գողացողները ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ առաջիկա հինգ տարիների ընթացքում և ընդհանրապես հավիտյան»:
Զարմանալի է չէ՞, որ ժողորդի ջանքերով սիրո ու հանդուրժողականության քողի տակ իշխանության եկած վարչապետը հասարակությունը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների, իսկ նրա թիմակիցը մարդկանց՝ սեւերի ու սպիտակների: Այս հայտարարությամբ վարչապետը ի ցույց աշխարհին հաստատեց, որ իրականացնում է վենդետա այն անձանց նկատմամբ, ումից վախենում է, ովքեր կարող են հակակշիռ դառնալ առաջիկա պառլամենտական ընտրություններին:
Վարչապետի ցասումը, վարքագիծն ու շարժումները մատնում ու «մերկացնում» են նրան, նա զգում է, որ հասարակության աչքերը վաղ թե ուշ բացվեու են, ու այդժամ անգամ մարդկանց ասֆալտին «փռելը», «հավաքելը», պետության նախկին առանցքային դեմքերին ամենավերջին ձևով վարկաբեկելը ու առհասարակ որևէ շոու ներկայացում իրեն չի փրկի:
Այսօր արդեն անգամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում տիրող ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև մասսաական բնույթ ունեցող մարդու իրավունքների խախտման դեպքերին: Մտածել է պետք…