Մարտիրոս Սարյանի «Գազելներ» և «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավները կներկայացվեն նոր ցուցահանդեսում
CultureՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 19-ին կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում առաջին անգամ կցուցադրվի վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։ Վերջինի ցուցադրումը մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում:
Սարյանի՝ Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926 թ. հուլիս - 1928 թ. հունվար) առանցքային, և մինչ օրս ոչ լրիվ բացահայտված, նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի հետ, որը, կարծես, Երևանից մեկնելուց առաջ արդեն լրիվ բացահայտվել էր, և նա զգոււմ էր գեղանկարչության իր դիտարկումներում նորի անհրաժեշտությունը: Ապրելով հայրենիքից հեռու՝ նկարիչը շարունակում էր գտնվել հարազատ բնության տպավորությունների ներքո:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 14-ը: Այն ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում: