Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանան կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերին
International newsԹուրքիայում կալանքի մեջ գտնվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին 2018թ. հոկտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը նշել է, որ թուրքական արդարադատությունը որոշումներ է կայացնում իշխանությունների հրահանգով և հավելել, որ ամերիկացի հոգևորականի կալանավորումը «իսկական ողբերգություն» է:
Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու և լրտեսական գործունեություն իրականացնելու հատկանիշներով, նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում:
ԱՄՆ-ը հոգևորականի կալանավորման շուրջ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: