Արթուր Ջավադյանը հանդիպել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակության հետ
EconomicsՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նախ նշել է, որ կարևորում է նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: Նա բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում՝ մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացրել են գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը, հիմնական գործիքները, գրանցված ցուցանիշները:
Հյուրերը նույնպես շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և այն գործակցության համար, որ վերջին տարիներին ծավալվել է Հայաստանի և ՎԶԵԲ միջև: Նրանք շատ բարձր են գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել են ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Մասնավորապես, հյուրերի կողմից բարձր են գնահատվել այս տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ներքո ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ գործադրած քայլերի արդյունավետությունը և ԿԲ թիմի մասնագիտական բարձր մակարդակը: Նրանք նշել են նաև, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում կողմերի միջև ներկայիս գործակցության հետագա խորացման համար:
ԿԲ համապատասխան պաշտոնյաների կողմից ներկայացվել են գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականության հիմնական սկզբունքներն ու գրանցված արդյունքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է ծավալվել՝ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ Բանկը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և հայտնել երկկողմ գործակցությունը նույն կառուցողական ոճով շարունակական պահելու Կենտրոնական բանկի պատրաստակամության մասին: