Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
EconomicsԱրցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Շատ եմ կարևորում տնտեսական բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը: Տեխնոլոգիական զարգացումներն ու ներկա մարտահրավերները պահանջում են ուշադրություն և կենտրոնացում դեպի այն ոլորտները, որոնք ունակ են ստեղծել բարձր արժեք: Այս տեսանկյունից կառավարությունն ընդգծված քաղաքականություն է իրականացնում հիմնականում մի քանի ոլորտների ուղղությամբ»,- նշեց Արցախի պետնախարարը՝ ոլորտներից առանձնացնելով զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները:
Պետական նախարարի խոսքից հետո ֆորումին ներկա գործարարները հարցեր հնչեցրին իրենց գործունեության վերաբերյալ, հայտնեցին Արցախում ներդրումներ կատարելու ցանկություն:
Գործարարներից մի քանիսը նշեցին, որ Արցախում կադրերի ոչ մեծ խնդրի առկայության մասին:
«Գուցե մենք լավ չենք փնտրում, սակայն կարող եմ ասել, որ չենք կարողանում աշխատող գտնել մեր գործունեության համար: Մեկ այլ խնդիր նույնպես կա՝ արևային էներգետիկայի շուկայի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ կան: Չկա օրենսդրություն՝ արևային կայանների էներգիան ցանց առաքելու մասին»,- նշեց գործարարներից մեկը:
Գրիգորի Մարտիրոսյանն ընգծեց, որ մոտակա ժամանակահատվածում օրենքը կընդունվի, նախորդ ամիսներին արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել:
«Արևային էներգիայի զարգացումը մենք շատ ենք կարևորում, այդպիսի ծրագիր իրականացվում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից կողմից»,- ասաց պետնախարարը:
Անդրադառնալով աշխատողների պակասի հարցին՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հնարավոր է՝ եղել է որոշակի խնդիր, սակայն, կադրերի պակասի մասին միանշանակ խոսել պետք չէ:
«Գուցե կա մի փոքր գործազրկություն, սակայն դա կառուցվածքային է, քանի որ, մի կողմից, աշխատանքի շուկայում ավելցուկ ունենք՝ հումանիտար ոլորտներում, իսկ մյուս կողմից՝ տեխնիկական մասնագիտությունների առումով պահանջարկը չի բավարարվում»,-եզրափակեց Արախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: