Գուժ Մանուկյան. «Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»
InterviewԳնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումները, խնդիրները, անդրադառնալով նաև սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ծավալվող հնարավոր գործընթացներին` Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Orer.am–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ որևէ մեկն այսօր չի կարող իրավիճակը փակուղի տանել:
Դերասանն այդ համատեքստում կարևորեց հինգ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ ընդգծելով հատկապես ժողովրդի դերը: «Այսօր էլ շարժումն այնքան համաժողովրդական բնույթ է կրում, որ դժվար թե մի փոքր խումբ կկարողանա ինչ–որ գործընթացներ դեպի փակուղի տանել: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի, որովհետև ժողովուրդն այլ կերպ է մտածում. ոգևորությունը բավականին մեծ է, ինչը թույլ չի տա, որ ինչ–որ անհատներ կարողանան խոչընդոտել այս շարժումը: Դա լինի ընտրություն կամ մեկ այլ գործընթաց, կարևոր չէ»,–ասաց անվանի դերասանը:Այդուհանդերձ, Գուժ Մանուկյանը շեշտեց, որ մեկն է այն մարդկանցից, ով այսօր տեղի ունեցող մի շարք երևույթների հետ համաձայն չէ:
«Ես կասեմ մի բան՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Եթե ես արվեստի մեջ եմ, եթե ես դերասան եմ, ես պետք է զբաղվեմ միմիայն դերասանական աշխատանքով: Եթե ես ուրիշ տեղեր քիթս մտցնեմ, դա արդեն ճիշտ չի լինի: Բայց այսօր ես նման երևույթներ եմ նկատում և իրողությունների հետ, մեղմ մասած, համամիտ չեմ: Ամեն մարդ պետք է իր գործն անի: Ես կխոնարհվեմ փողոցները մաքրող մարդու առաջ, եթե իմանամ, որ նա այդ գործն անում է այնքան նվիրված, այնքան լիաթոք... Այսպես ասեմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի՝ «վերևից» մինչև «ներքև»: Բայց այսօր կան մարդիկ, ովքեր, չգիտեմ՝ ինչ–ինչ նկատառումներով, ուզում են քիթ խոթել այնտեղ, որտեղ չպետք է լինեն: Ես դա չեմ կարող ընդունել»,–ասաց Գուժ Մանուկյանը:
Վերջինս կադրային քաղաքականության խնդիրն առանձնացրեց: «Ամեն մարդ կոչված է ինչ–որ բան անելու: Չի կարելի մի մարդու բերել ու մտցնել մի ինչ–որ տեղ, մի ասպարեզ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Եթե դա արվում է ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված, դա ևս չեմ ընդունում: Չէ ո՞ր այդ մարդն ավելի պետքական կլինի իր ասպարեզին, քան որ բերեն և, կոպիտ ասած, ախպեր–ախպեր, ընգեր–ընգեր սկզբունքով փաթաթեն ժողովրդի վզին: Կադրային քաղաքականությունը շատ կարևոր է և պետք է հետամուտ լինել: Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերլուծելով ներկա իրավիճակը, գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումներն ու խնդիրները՝ դերասան Գուժ Մանուկյանն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ է:
«Ընտրված ուղին պետք է որ ճիշտ լինի: Ես ևս հետևում եմ իրադարձություններին, վատ ուղի չէ, բայց այդ ուղին ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել: Ես չգիտեմ՝ հետագայում ի՞նչ է լինելու, բայց, համենայն դեպս, սպասումները բավականին մեծ են: Մենք մեր դարն ապրել ենք՝ այս ամենն ու դրա արդյունքը շատ կարևոր է մեր երիտասարդության համար: Տեսնենք, թե ինչպես կլինի: Չգիտեմ... Հույս կա, որ լավ է լինելու և այդ հույսով ենք ապրում»,–նշեց նա՝ կարևորելով հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման ու հայրենադարձության հարցը:
Գուժ Մանուկյանը շեշտեց, որ հեղափոխությունից հետո մարտահրավերները շատ են, որոնք պետք է հաղթահարել: Նա ընդգծեց, որ հենց փոքր խնդիրներից պետք է սկսել: «Այնքան մանր խնդիրներ կան, և նոր իշխանության անելիքները կախված են հենց այդ խնդիրներից: Օրինակ՝ աշխատատեղերից մինչև քաղաքաշինություն, աղբահանությունից մինչև ավելորդ շինարարություններ, որոնց պատճառով քաղաքն ընկնում է տեսքից: Այնքան մանր թերություններ կան, բայց երբ դրանք իրար են միանում, ստացվում է մի գլոբալ խնդիր, որը լուծելը բավականին բարդ է, բայց ոչ անհնար»,–եզրափակեց դերասանը:
Աննա Բադալյան