Քաղաքագետը կարևորում է լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը
SocietyՔաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, սակայն հավելում, որ դրա՝ կյանքի կոչվելու հարցը տեսանելի կլինի ապագայում: Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ սա նոր էլեմենտ է, որի մասին նախկինում կողմերը, կարծես, չէին խոսում: «Դա այն է, որ, շարունակելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ոգին, կողմերը փորձելու են նվազեցնել լարվածությունը շփման գծում»,-նշեց նա:
Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում ու այլ ամբիոններում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձներին, որտեղ նշվում է, որ Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի չեն գնալու:
«Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր տարբեր ճակատներով: Դիրքորոշումների տարբերությունները գուցե ավելի շատ երանգային են, գերակայությունները հիմնականում մնում են նույնը՝ մասամբ պայմանավորված նրանով, որ տարածաշրջանային իրավիճակը պահպանվում է, մարտահրավերները նույնն են»,-նշեց նա:
Հայաստանը իր բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները շարունակում է նաև Ռուսաստանի հետ: Այս առումով քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան, կարծես, ստացել է «ո՞վ է պարոն Փաշինյանը» հարցի պատասխանը:
«Ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնական Մոսկվայում կար հարց` «ո՞վ է պարոն Փաշինյանը»: Նույն հարցը 2000-ականների սկզբին կար նաև Պուտինի հետ կապված: Այս ընթացքում Պուտինի ու Փաշինյանի միջև տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել, Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանալու են: Մոսկվայում կարելի է ասել, որ վերջնականապես ստացել են իրենց հուզող հարցի պատասխանը»,- ասաց Մարկարովը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նաև նշեց, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակում է բարիդրացիական հարաբերությունները նաև Վրաստանի ու Իրանի հետ: