Սերբիան Կոսովոյի պատճառով բանակը բերել է մարտական պատրաստականության
International newsՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է երկրի Զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստականության, հայտնում է սերբական «Տանյուգ» գործակալությունը: Հրամանը տրվել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետին:
Նման հրաման տալու պատճառը Սերբիայի եւ Կոսովոյի ու Մետոխիայի ինքնավար երկրամասի վարչական սահմանին կոսովյան ոստիկանների գործողություններն են: Կոսովոյի ROSU ոստիկանության հատուկ նշանակության 60 աշխատակիցներ մոտեցել են Գազիվոդյան լճին, որը ջուր է մատակարարում «Գազիվոդ» ՀԷԿ-ին, ու Զուբին Պոտոկ համայնքում գրավել են Էկոլոգիայի եւ սպորտի կենտրոնը: Սերբիայի ՆԳՆ տեղեկություններով՝ ROSU-ի գործողություններն ուղեկցվել են «սերբերի ձերբակալություններով, որոնք որեւէ հանցագործություն չեն կատարել»:
Տագնապով մարտական վիճակի են բերվել նաեւ սերբական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն նոր միջադեպերի մասին տեղեկություններ չկան: ՀԷԿ-ի մուտքի մոտ երթեւեկությունը չի դադարեցվել: