Մասնագետների համոզմամբ՝ Հայաստանում պետք է ներդրվի ծերաբուժության ինստիտուտ
SocietyՀայաստանում տարեցներին մատուցվող բժշկական ծառայությունները վերանայելու անհրաժեշտություն կա: «Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցիացիա»-ի նախագահ Արթուր Թորոսյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ պետք է ներդրվի ծերաբուժության ինստիտուտ:
«Միջազգայի փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում կան առանձին կլինիկաներ, որտեղ բուժում են ստանում 65-անց մարդիկ Այսինքն՝ բժշկական ծառայությունները մատուցվում են՝ հաշվի առնելով տարեց հասակում հիվանդությունների առանձնահատկությունները: Օրինակ, մանկաբուժությունն առանձին ճյուղ է և թերապևտն իրավունք չունի բուժելու մինչև 18 տարեկան անձանց: Նույն ձևով 65 տարեկան անձանց համապատասխան մասնագետը պետք է բուժի»,-ասաց Արթուր Թորոսյանը:
Այսօր Հայաստանում տարեցները դիմում են ընտանեկան բժիշկներին, թերապևտներին, որովհետև չկան ծերաբուժության գծով մասնագետներ:
«Հայաստանում, ցավոք, չունենք ծերաբուժության գծով մասնագետներ: Մեր ասոցիացիան խնդիր է դրել Հայաստանում զարգացնել այդ ուղղությամբ ծառայությունները, վերապատրաստել մասնագետներ, նպաստել, որ պոլիկլինիկաներում ստեղծվեն առանձին կաբինետներ, որտեղ բացի բժշկից կլինեն նաև հոգեբաններ, սոցաշխատող, բուժքույր: Այսինքն՝ ծառայությունները կոմպլեքս կիրականացվեն»,-ասաց Արթուր Թորոսյանը:
Արթուր Թորոսյանի խոսքով, եթե հարցը դիտարկվի բիզնես տեսանկյունից, ապա բնականաբար ձեռնտու չէ, որովհետև տարեցները սոցիալապես լավ վիճակում չեն, սակայն պետք է ներգրավել այլ ռեսուրսներ: Տարբեր երկրներում այդ ծառայությունն իրականացվում է պետության կամ ապահովագրական ընկերությունների միջոցով: