Արամո. «Հայհոյանքների տեղատարափը, հարձակման «պրոցեսը» պետք է վերանան».
InterviewOrer.am–ի զրուցակիցն է երգիչ Արամոն: Երգչի հետ զրուցել ենք ներհայաստանյան գործընթացների, մշակույթի, քաղաքական մշակույթի, ինչպես նաև մի շարք այլ իրողությունների շուրջ:
Այնքան տեղեր են «փլված»...
Վերջնականապես պետք է արմատախիլ արվի այն համակարգը, որում մենք ապրել ենք 30 տարիների ընթացքում: Էտապ առ էտապ պետք է փոփոխություններ լինեն: Որքանով ես եմ տեսնում, արդեն երևում է, որ վերջ է դրվել կոռուպցիային, մենաշնորհներ չկան: Հիմա ցանկանում եմ, որ կառավարությունը որքան հոգատար է, այդքան էլ ավելի հոգատար լինի ժողովրդի հանդեպ, խոստումներն իրագործվեն և վերջապես ունենանք նոր Հայաստան, ժողովուրդն ունենա այն, ինչին սպասել է: Այնքան խնդիրներ կան մեր երկրում, այնքան տեղեր են «փլված»: Փուլ առ փուլ պետք է կարողանան տալ այն լուծումները, որոնք չեն եղել: Առաջնահերթ խնդիրներից մեկը բյուջեն լցնելն է, որ կարողանանք այդ գումարից տրամադրել այն ուղղություններին, որտեղ կան այդ բացերը:
30 տարի մենաշնորհ է եղել...
Թավշյա հեղափոխություն է եղել՝ ժողովրդավարության, սիրո և հանդուրժողականության մեջ: Հաշվի առնելով սա՝ կցանկանայի, որ կառավարության մեջ ընդգրկվեին պրոֆեսիոնալներ՝ այլ կուսակցություններից ևս: Այսինքն՝ մեծամասնությունը չլինեն իշխող կուսակցությունից: Բացի այդ՝ կան շատ խելացի մարդիկ, ովքեր կարող են պետությանը շատ լավ բաներ տալ: Նոր կառավարությունում կցանկանայի ավելի պրոֆեսիոնալների տեսնել: Ժողովրդավարություն է, և մենք ասում ենք՝ սիրո և համերաշխության մթնոլորտ: Ըստ այդմ՝ կուսակցությունները պետք է միասին կլոր սեղանի շուրջ նստեն ու տեսնեն, թե ինչ խնդիրներ կան: Այս առումով էլ մենաշնորհ չպետք է լինի՝ «մենք ենք անելու» սկզբունքը չպետք է լինի: Օրինակ՝ ավագանին չպետք է լինի միայն ձեռք բարձրացնող, ինչպես այն ժամանակ է եղել: Ժողովրդավարական մի իրավիճակ պետք է լինի, որ բոլորը զբաղված լինեն, բնականաբար, նաև նույն իշխող կուսակցությունը: Օրինակ՝ որևէ ուժի աղբահանության ծրագիրը լավն էր, կարող է այդ հարցով զբաղվել հենց այդ ուժը, մյուսը՝ կանաչապատմամբ և այդպես շարունակ: Ես կցանկանայի, որ այդպես լիներ, որովհետև 30 տարի մենաշնորհ է եղել: Նստած են եղել, հինգ հոգի ձեռք են բարձրացրել, իրենց որոշումները կայացրել են, ոչ մեկին էլ չեն լսել: Հիմա ամեն ինչ պետք է լինի այդ կլոր սեղանի շուրջ՝ միասին: Խնդիրները պետք է միահամուռ իրականացնել, ամբիցիաները պետք է թողնել: Ով ում վրա է ցեխ շպրտում, ով ում բան է ասել, ով ինչ է արել... Այս ամենը պետք է թողնել ու միասին աշխատել: Թե քանի տոկոս ունի, կամ հետագայում որքան կունենա իշխող կուսակցությունը, իսկ քանիսը՝ մյուս ուժերը, կուզենայի, որ աշխատանքի ճիշտ բաշխում լինի:
...Եթե կա ատելություն
Բոլորն ուրախացան, որ հեղափոխությունն առանց արյան կատարվեց և եղավ իշխանափոխություն: Ուզում եմ, որ այդ սիրո և համերաշխության մթնոլորտը հիմա էլ լինի, որ մեկը մյուսի վրա ցեխ չշպրտի: Կարևորում եմ հարգանքի ու փոխըմբռնման մթնոլորտի անհրաժեշտությունը. ամբիցիաները պետք է թողնել՝ «դու այս դաշտում ես, դու՝ այնտեղ». սա հարիր չէ մեզ: Ես երբեմն զայրանում եմ համացանցում առկա մեկնաբանություններից: Հայհոյանքների տեղատարափը, հարձակման «պրոցեսը» պետք է վերանան, դա անթույլատրելի է: Չէ՞ որ այդ ամենը կարդում են նաև մեր քույրերը, երեխաները: Մեկնաբանություններ թող լինեն, քննադատություններ՝ ևս, բայց այդպես ու այդ արտահայտություններո՞վ... Սիրո և համերաշխության մասին էլ ինչ ասե՞ս, երբ մարդը կարծիք է հայտնում, և ինչ բառերով ասես, որ չեն նվաստացնում այդ մարդուն: Սա խոսքի ազատության մասին չէ, սա կիրթ լինելու մասին է: Հետո, անջրպետ դնել էլ պետք չէ՝ «սա այստեղից է, նա այնտեղից»: Այս մթնոլորտում մի քիչ դժվար կլինի ինչ–որ բաների հասնել: Սերն ու համերաշխությունն արդեն թվացյալ բաներ են դառնում, եթե կա ատելություն, իսկ ես չեմ ուզում, որ ատելություն լինի, որովհետև մենք սիրո ազգ ենք:
Թատրոններ բացվեին...
Յուրաքանչյուր ազգ նախ իր գիտությամբ ու մշակույթով է ներկայանում աշխարհին: Կցանկանայի, որ նոր իշխանության ժամանակ քաղաքում շատ թատրոններ բացվեին՝ ռեստորանների ու հագուստի խանութների փոխարեն: Պետք է քաղաքային թատրոնն ավելի շատ զարգանա, մշակույթը պետք է զարգանա, որ շատ դերասաններ ու արվեստագետներ կարողանան գալ Հայաստան: Շատ ծրագրեր պետք է լինեն, որտեղ նաև կընդգրկվեն երիտասարդները: Ավագ սերնդի և երիտասարդների միջև պետք է սերտ համագործակցություն լինի, պատնեշ չպետք է լինի: Չգիտեմ, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր է նախատեսում, բայց նախարարը պետք է խորհրդակցի թե՛ կինոյի և թե՛ արվեստագետներ կարողանան գալ Հայաստան: Շատ ծրագրեր պետք է լինեն, որտեղ նաև կընդգրկվեն երիտասարդները: Ավագ սերնդի և երիտասարդների միջև պետք է սերտ համագործակցություն լինի, պատնեշ չպետք է լինի: Չգիտեմ, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր է նախատեսում, բայց նախարարը պետք է խորհրդակցի թե՛ կինոյի և թե՛ արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ խնդիրներ կան թատերական աշխարհում, երգարվեստում և այլ ուղղություններում: Ճիշտ համագործակցություն է պետք նաև անհատների հետ, ովքեր գեներատորներ են: Այնքան մտքեր կան, որոնք կարելի է առաջ բերել ու ներկայացնել այնպիսի բացառիկ, ճիշտ ու պրոֆեսիոնալ մակարդակով, որը կոչվում է արվեստ:
Աննա Բադալյան