Հայաստանի լավագույն երգչախմբերը մեկ բեմում հնչեցրին Կոմիտասի ստեղծագործությունները
Culture «Հովեր» պետական կամերային, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Սպեղանի» երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը գեղեցիկ համերգային ծրագրով շնորհավորեցին Կոմիտասի ծննդյան 149-ամյակը:
Համերգային երեկոն անցկացվեց հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Մեր հանրապետության լավագույն երգչախմբերը կներկայացնեն Կոմիտասի խմբերգերը, հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործություններ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների խմբերգային գործեր»,- նշեց փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ Ղազարյանը:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ Կոմիտասը հոգևոր և աշխարհիկ խմբերգերի, մեներգերի այնպիսի հարուստ ժառանգություն է թողել, հիմնված ազգային երաժշտության վրա, որը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի:
Մլքեյանը շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հատկապես մեր երկիրը պետք է քայլեր ձեռնարկի Կոմիտասի գործերը հանրահռչակելու համար: «Որպեսզի աշխարհը ճանաչի հայ ազգին, պետք է ճանաչի մեր մշակույթը: Կարծում եմ՝ մենք շատ քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ, այնինչ Կոմիտասի թողած ժառանգությամբ պետք է հիանա ողջ աշխարհը»,- ընդգծեց նա:
Համերգային ծրագրի ընթացքում երգչախմբերը կատարեցին Կոմիտասի, Յոհաննես Բրամսի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Վարդազարյանի և այլ սիրված կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Դահլիճը լեփ-լեցուն էր. երաժշտասերները բուռն էին արձագանքում բոլոր երգչախմբերի կատարումներին:
Միջոցառումն անցկացվեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում:
«Կոմիտաս» միջազգային փառատոնի համերգային մասում ներկայացված են չորս երկրներ: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝ նաև հայ կոմպոզիտորների:
Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից: Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով: