Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում
CultureՍեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Ալգիս Կաշետայի հրավերով գտնվում էին Լիտվայում։ Սեպտեմբերի 29-ին Վարենա քաղաքում ամենամյա սնկի փառատոնի շրջանակներում արցախցի երաժիշտները կատարել են հայկական աշուղական-ժողովրդական երգարվեստի և արցախյան ֆոլկլորի գործեր, որոնք ջերմ ընդունելության են արժանացել հանդիսատեսի կողմից։
Հոկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները լիտվական Յոնիշկիս քաղաքում մասնակցել են տեղի հայ գործարար Վարդգես Հովսեփյանի նախաձեռնությամբ Յոնիշկիսի Պատմության և մշակույթի թանգարանում բացված Արցախին նվիրված «Կյանքն Արցախում» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև Յոնիշկիսի քաղաքապետ Գեդիմինաս Չեպուլիսը, փոխքաղաքապետ Վայդա Ալեկնավիչիենեն, Լիտվայի Սեյմասի պատգամավոր, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Վիտալիյուս Գայլուսը, քաղաքապետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկաները ծանոթացել են Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը, արվեստին ու ավանդույթներին: Միջոցառմանը ցուցադրվել է լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:
Յոնիշկիսի փոխքաղաքապետ Վ. Ալեկնավիչիենեն նշել է, որ իրենց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նման միջոցառման անցկացումը, քանի որ հնարավորություն է ստեղծվել առավել մոտիկից ծանոթանալ հայկական պատմությանն ու մշակույթին։ Իսկ Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Վ. Գայլուսը իր խոսքում ուրախություն հայտնելով նշեց, որ ֆոտո և վիդեո նյութերի միջոցով իրենք տեսան Արցախում կյանքի առաջընթացը: Նա համոզմունք հայտնեց, որ լավ ծանոթ լինելով արցախցիների պատմությանն ու մշակույթին, վստահ է, որ արցախցին պահելու և շարունակելու է շենացնել իր հողը, իր հայրենիքը, քանի որ նա է այդ երկրի՝ Արցախի իրական տերը։
Միջոցառումը եզրափակվել է հայ երաժիշտների կողմից արցախյան ժողովրդական կատարումների ընդգրկող երաժշտական ծրագրով։