Աշխարհի բեմերը նվաճած «Մանոն» ներկայացումը համալրեց օպերային թատրոնի խաղացանկը
CultureՖրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան վառ և հետաքրքիր բեմական լուծումներով նոր շունչ ստացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման գլխավոր դերակատարներն են Մերի Մովսիսյանը, Լիպարիտ Ավետիսյանը:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ներկայացվող բեմադրության սպասված առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին:
Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին. ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
««Մանոն»-ը սիրո ողբերգական պատմություն է: Կարծում եմ` հազվագյուտ են այն օպերաները, որոնք դրական ավարտ են ունենում: Որոշեցինք մեր թատրոնում հենց այս օպերան ներկայացնել, քանի որ թատրոնի հրաշալի տենոր Լիպարիտ Ավետիսյանը Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
«Մանոն»-ի բեմադրիչ դիրիժոր, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Քրիստոֆեր Օկասեկի խոսքով՝ Ժյուլ Մասնեն իրեն հոգեհարազատ կոմպոզիտոր է:
«Նա գրում է այնպիսի ոճով, որը երաժշտին հնարավորություն է տալիս հստակ տեսնել ներկայացման դրամատուրգիան, այսինքն՝ այն, ինչ պետք է տեղի ունենա բեմում»,- շեշտեց նա:
Անդրադառնալով երգիչներին` դիրիժորն ընդգծեց, որ հրաշալի աշխատանք են կատարել, և ինքը վստահ է, որ արվեստասերները մեծ բավականություն կստանան ներկայացումից:
Բեմադրությունը կյանքի կոչելու նպատակով Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։ Օրբելյանի հրավերով բեմադրության ռեժիսոր Անդրեյս Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից հագուստի լավագույն դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։
Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի հունվարի 29-ին։
«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան իրականացվեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ջանքերով: