Ռիչարդ Միլսը ողջունում է Ամուլսարի հանքավայրի շահագործման մտահոգությունների նկատմամբ ՀՀ կառավարության ուշադրությունը
Society Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ գտնի Ամուլսարի ծրագրի հետ կապված:
Իր հրաժեշտի զեկույցում Միլսը նշեց, որ ծրագրի ապագան պետք է տնօրինվի իրավունքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն: «Ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված: Սա եզակի անգլոամերիկյան ներդրում է Հայաստանում: Շուրջ կես միլիարդ դոլար ներդրում, նշանակալի տնտեսական օգուտներ շրջապատող համայնքներում: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»,- ընդգծեց դեսպանը՝ ափսոսանք հայտնելով, որ աշխատանքներն այդ հանքավայրում արդեն չորս ամիս է ամբողջովին դադարեցված են՝ չնայած այն հանգամանքին, որ չկա Հայաստանի բնապահպանական օրենքների խախտում, չկա որևէ հիմնավորում կոռուպցիոն դրսևորումների մասին:
«Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ այժմ կամ շուտով աշխատանքից դուրս կմնան: Ես անկեղծ կլինեմ. ես հասկանում եմ այն մտահոգությունները, որ ունեն շատ ու շատ հայեր՝ հաշվի առնելով այստեղ հանքարդյունաբերության պատմությունը, և շատ ողջունելի է, որ այս կառավարությունը լսում է այդ մտահոգությունները»,- հավելեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ կան օտարերկյա ներդրողներ, ովքեր ուզում են տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ կան Հայաստանում: «Կարևոր է, որ Հայաստանի կառավարության կողմից ճիշտ ազդակներ գնան դեպի այս ներդրողները»,- ասաց նա:
Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ամուլսարի հանքավայրը կշահագործվի, երբ հիմնավորվի, որ այն սպառնալիք չի ստեղծում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար:
«Ես Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: «Լիդիան»-ի հետ կապված կա շատ կոնկրետ հարց: Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը ներկայացուցիչներին էլ եմ ասել, և դա շատ հստակ է»,- ընդգծել էր Փաշինյանը:
Նա նաև նշել էր, որ օտարերկրյա կազմակերպությունների հետ կապված այսպիսի հարցերը որևէ երկրի բացասական վերաբերմունք ցույց տալու նպատակ չունեն: